MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Չորեքշաբթի, 27.11.2024, 06:28
Ողջույն Հյուր | RSS
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Առաջին օգնություն
HaRuTԱմսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:31 | Գրառում # 1
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Վերքերը փափուկ հյուսվածքների վնասվածքներ են, որոնք ուղեկցվում են մաշկի և լորձաթաղանթի, երբեմն նաև խորը հյուսվածքների ամբողջականության խախտումով։ Վերքերը վտանգավոր են վարակի ներթափանցման, արյունահոսության և ցավի պատճառով։ Վերջինս կարող է առաջացնել ցավային շոկ։

Ըստ վնասող առարկայի և վնասվածքի բնույթի՝ վերքերը կարող են լինել՝

• քերծվածք, որը մաշկի և լորձաթաղանթի մակերեսային վնասվածքն է,

• ջնջխված, որը կարող է առաջանալ բութ առարկայի ազդեցությունից կամ բարձրությունից վայր ընկնելուց,

• կտրած, ունեն ուղիղ չվնասված եզրեր, սովորաբար առատ արյունահոսում են,

• ծակած. առաջանում են սուր, ծակող առարկայի ազդեցությունից, դրանց արտաքին չափերը սովորաբար փոքր են, բայց դրանք բավականին խորն են, մեծ է վարակի տարածման և ներքին օրգանների վնասման վտանգը,

• պատռված, եզրերն անհարթ են, կան փափուկ հյուսվածքների բազմաթիվ վնասվածքներ, լավանալուց հետո կարող է կոպիտ սպի մնալ,

• հրացենային. կարող են լինել միջանցիկ կամ կույր, մեծ է արյունահոսության վտանգը։

Ըստ վտանգավորության աստիճանի՝ վերքերը կարող են լինել՝

• քիչ վտանգավոր` 2.5 սմ-ից փոքր չափերի, հեշտ դադարեցվող արյունահոսությամբ, մակերեսային,

• վտանգավոր՝ ավելի լայնատարած, խորը, ուժգին արյունահոսությամբ:

Վերքերի մշակումը

• Վերքը լվանալ օճառով և մաքուր ջրով։

• Վերքը մշակել հականեխիչ լուծույթով։

• Սպիրտային հիմքով նյութերը չքսել անմիջապես վերքի վրա, այլ դրանցով մշակել վերքի շրջակա մաշկը։

• Վերքը ծածկել կպչուն սպեղանիով կամ ստերիլ անձեռոցիկով՝ ընդգրկելով դրա շրջակա մաշկը մոտ 2 սմ տրամագծով։

• Եթե անձեռոցիկը սայթաքել է վերքից, այն փոխարինել նորով։

Վտանգավոր վերքերի մշակում

• Մի՛ փորձեք ինքնուրույն մշակել վերքը։

• Վերքի վրա տեղադրել ստերիլ անձեռոցիկ։

• Վիրակապել և դադարեցնել արյունահոսությունը։

• Զանգել շտապօգնություն։

• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հակաշոկային քայլեր։

Շոկ

Տարբեր պատճառներից (ցավ, այունահոսություն, այրվածք, ծանր վնասվածք) առաջացող արյան շրջանառության սուր անբավարարությունը, որի արդյունքում զարգանում է հյուսվածքների թթվածնային քաղց և խանգարվում է բջիջների և օրգանների կենսագործունեությունը, կոչվում է շոկ։

Շոկի նշանները՝

• հաճախացած, թույլ անոթազարկ,

• գունատ, սառը, խոնավ մաշկ,

• ծարավի ուժեղ զգացում,

• սրտխառնոց, փսխում,

• զարկերակային ցածր ճնշում,

• գիտակցության խանգարում։

Հակաշոկային քայլեր՝

• դադարեցնել շոկի պատճառ հանդիսացող գործոնի ազդեցությունը,

• հանգստացնել տուժածին և ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը,

• պառկեցնել և բարձրացնել նրա ոտքերը, եթե չկան դրան խանգարող վնասվածքներ և շնչառության դժվարացում,

• տալ քաղցր հեղուկներ (արգելվում է գիտակցությունը կորցրած վիճակում),

• զանգել շտապօգնություն։

Օտար մարմին վերքի մեջ

Եթե վերքն առաջացնող առարկան մնում է վերքի մեջ, այն չի կարելի հեռացնել, քանի որ դա կարող է հանգեցնել արյունահոսության։

Առաջին օգնությունը պահանջում է այդ առարկան ֆիքսել և տուժածին տեղափոխել հիվանդանոց։

Անհրաժեշտ է՝

• դադարեցնել արտաքին արյունահոսությունը,

• վերքի եզրերը սեղմելով` մոտեցնել դեպի օտար մարմինը,

• վերքի շուրջը տեղադրել ստերիլ անձեռոցիկներ, իսկ դրանց վրա՝ փաթույթային վիրակապի գլանակներ կամ այլ գործվածք,

• վիրակապել այնպես, որ գլանակները տեղում ամրացնեն օտար մարմինը՝ չշարժելով այն,

• տուժածին տեղափոխել հիվանդանոց կամ զանգել շտապ օգնություն:

Եթե վերքի մեջ ներթափանցում են մանր ավազահատիկներ, ապակու փոքր կտորներ կամ այլ մանր օտար մարմիններ, պետք է զգուշությամբ հեռացնել դրանք։

Անդամահատված վերքեր

Եթե վնասվածքի պատճառով պոկվել է մարմնի որևէ մաս (օրինակ՝ մատը), ապա այդպիսի վերքը կոչվում է անդամահատված:

Առաջին օգնություն

• Վիրակապել և դադարեցնել արյունահոսությունը վերքից։

• Անդամահատված մասը փաթաթել ստերիլ անձեռոցիկով և դնել պլաստիկ տոպրակի մեջ։

• Օդով լցնել այդ տոպրակը և ամուր կապել այն։

• Այդ տոպրակը տեղադրել սառույցով և սառը ջրով լցված մի այլ տոպրակի մեջ։

• Թղթի վրա գրել տուժածի անունը, դեպքը կատարվելու ժամը և ամրացնել այն տոպրակին։

• Անդամահատված մասով տոպրակը տուժածի հետ տեղափոխել հիվանդանոց:
 
HaRuTԱմսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:32 | Գրառում # 2
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Առաջին օգնություն երեխաներին. Շնչուղիների խցանում 1-8 տարեկան երեխաների մոտ
Օտար մարմիններով շնչուղիների խցանումը շատ հաճախ է պատահում փոքր երեխաների մոտ: Երեխան հաճախ բերանն է տանում փոքր առարկաներ, օրինակ` կոճակներ, հուլունքներ, խաղալիքի մանր մասեր և այլն, որոնք էլ հենց դառնում են շնչուղիների խցանման պատճառ: Շնչուղիների խցանում կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ երեխային կերակրում ու դեղ են խմեցնում ստիպողաբար կամ լաց լինելու պահերին, ինչպես նաև երեխայի` վազվզելով, խաղալով կամ շտապելով ուտելու պատճառով:
Շնչուղիների խցանումը վտանգավոր վիճակ է, քանի որ այդ ժամանակ խանգարվում է օդի մուտքը թոքեր: Եթե ժամանակին և ճիշտ օգնություն չցուցաբերվի, երեխան կարող է շնչահեղձ լինել և մահանալ:

Շնչուղիների խցանման կանխարգելումը

Երեխաների մոտ շնչուղիների խցանումները հիմնականում ծնողների (մեծահասակների) անզգուշության և անուշադրության հետևանք են:

Հետևելով մի շարք պարզ կանոնների` կարելի է կանխել այդ դեպքերի գերակշռող մեծամասնությունը:

- Երեխային ստիպողաբար կամ լացի ժամանակ ոչինչ մի տվեք ուտելու կամ խմելու, նույնիսկ՝ դեղ: Աշխատեք նրան բացատրել դեղ խմելու անհրաժեշտությունը: Եթե երեխան, այնուամենայնիվ, հրաժարվում է դեղ խմել, ավելի լավ է` դիմեք նրա բուժող բժշկին:
- Սովորեցրեք երեխային ուտել` առանց շտապելու, սեղանի շուրջը նստած, լավ ծամելով կերակուրը:
- Թույլ մի տվեք երեխային որևէ բան ուտել խաղալիս, վազվզելիս: Առավել ևս դուք մի կերակրեք նրան խաղի ժամանակ:
- 3-4 տարեկանից փոքր երեխաներին կորիզներով պտուղներ, մրգեր կամ կոնֆետ մի տվեք:
- Նրանց մի տվեք մանր խաղալիքներ, խուսափեք նաև այնպիսի խաղալիքներից, որոնց մանր մասերը հեշտությամբ կարող են պոկվել:
- Թույլ մի տվեք երեխային խաղալ կոճակներով, լոբու հատիկներով կամ նման մանր առարկաներով: Պահեք դրանք երեխային անհասանելի տեղերում:

Շնչուղիների խցանում

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Երբ միաժամանակ տեղի է ունենում կլում և ներշնչում, օտար մարմինները (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն) կարող են ներթափանցնել շնչուղիները և առաջացնել խցանում: Շնչառական ուղիները կարող են փակվել լրիվ կամ մասնակի:

Շնչուղիների մասնակի խցանման ժամանակ որոշ քանակով օդ անցնում է շնչուղիներ: Մասնակի խցանման դեպքում երեխան հանկարծակի սկսում է հազալ, անբնական ձայներ հանել, անհանգիստ շարժումներ անել:
Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ օդը ընդհանրապես մուտք չի գործում թոքեր, և եթե խցանումը չբացվի, երեխան կարճ ժամանակում կարող է մահանալ: Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ երեխան չի կարողանում ո՛չ շնչել, ո՛չ էլ հազալ, ո՛չ էլ որևէ ձայն հանել: Մաշկը կապտում է, աչքերը չռվում են, երեխան անհանգիստ շարժումներ է անում և ցնցվում է:
Շնչուղիների խցանման դեպքում օգնություն ցուցաբերելիս ամենակարևորը խուճապի չմատնվելն է և ճիշտ գործելը:

Շնչուղիների մասնակի խցանում

Ինչ անել

Մասնակի խցանման դեպքում երեխան հազում է, ինչն էլ նպաստում է շնչուղիներից օտար մարմնի հեռացմանը: Ահա թե ինչու օգնություն ցուցաբերելիս ձեր հիմնական նպատակը պետք է լինի խրախուսել երեխային, որ նա շարունակի հազալ: Դրա համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող խորհուրդներին.
1. Թեքե՛ք երեխային իրանով մի փոքր առաջ:
2. Ձեռքով թեթևակի հարվածե՛ք երեխայի թիկունքին` թիակների միջև ընկած հատվածին, մինչև օտար մարմինը դուրս գա, և շնչառությունը կարգավորվի:

Նշում, եթե շնչուղիների խցանման պատճառը սննդի մեծ պատառ կուլ տալն է, ապա երեխային ջուր տվեք և առաջարկե՛ք կում-կում խմել:

Շնչուղիների լրիվ խցանում

Ինչ անել

1. Անհապաղ ուղարկե՛ք որևէ մեկին շտապ օգնություն ահազանգելու:
2. Կանգնեք երեխայի մեջքի հետևում: Եթե երեխայի հասակը փոքր է, ծնկի իջե՛ք:
3. Ձեռքերով ընդգրկե՛ք երեխայի իրանը, շոշափելով գտե՛ք երեխայի պորտը և կրծոսկրի ստորին ծայրը: Ձեր մի ձեռքի բռունցքը` բութ մատը դեպի ձեզ, տեղադրե՛ք երեխայի փորի վրա` պորտը և կրծոսկրի ստորին ծայրը միացնող գծի մեջտեղում:
4. Մյուս ձեռքը դրեք բռունցքի վրա և դեպի ձեզ ուղղված հրումներ կատարեք: Հրումները կատարեք ոչ շատ ուժեղ, որպեսզի չվնասեք երեխային:
5. Շարունակեք հրումներ կատարել այնքան ժամանակ, մինչև օտար մարմինը դուրս գա, կամ երեխան կորցնի գիտակցությունը:

Եթե երեխան կորցնում է գիտակցությունը, ապա ձեռնարկեք հետևյալ քայլերը.

1. Պառկեցրեք երեխային գետնին:
2. Ձեր մի ձեռքի ափը դրեք երեխայի որովայնին` պորտի և կրծոսկրի ծայրի մեջտեղը: Եթե երեխան բավականին մեծ Է, ապա այդ ձեռքի վրա դրեք նաև Ձեր մյուս ձեռքը:
3. Կատարեք որովայնի 5 հրում: Հրումները պետք Է ուղղված լինեն դեպի երեխայի գլուխը և դեպի ցած: Հրումների ուժը պետք Է համապատասխանի երեխայի չափերին և տարիքին:
4. Որովայնի հրումներից հետո բացեք երեխայի բերանը և փորձեք օտար մարմինը զգուշությամբ հեռացնել բերանից:
5. Փորձեք կատարել ներփչում: Դրա համար Ձեր բերանով ընդգրկեք երեխայի բերանը, փակեք նրա քթանցքերը և օդ ներփչեք:
6. Եթե օդը չի գնում, կրկնեք վերը թվարկված գործողությունները: Այս գործողությունները կրկնեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, և երեխան շնչի:
 
HaRuTԱմսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:32 | Գրառում # 3
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Առաջին օգնություն երեխաներին.Շնչուղիների խցանում մինչև 1 տարեկան երեխաների մոտ
Շնչուղիների` օտար մարմիններով խցանումը շատ հաճախ է պատահում փոքր երեխաների մոտ, և որպես կանոն` լինում է ծնողների անուշադրության պատճառով, երբ նրանք չեն նկատում, որ երեխան փոքր առարկաներ է տանում բերանը: Շնչուղիները կարող են խցանվել նաև այն դեպքում, երբ լացող երեխային ստիպողաբար կերակրում են կամ դեղ խմեցնում:

Շնչուղիների խցանումը վտանգավոր վիճակ է, քանի որ այդ ժամանակ խանգարվում է օդի մուտքը թոքեր: Եթե ժամանակին և ճիշտ օգնություն չցուցաբերվի, երեխան կարող է շնչահեղձ լինել և մահանալ:

Ծնողները պետք է ուշադիր լինեն և լավ հիշեն այս դեպքերում օգնության ցուցաբերման քայլերը: Երբ երեխային շնչուղիների խցանման պատճառով սպառնում է շնչահեղձ լինելու վտանգը, ծնողը, բնականաբար, ժամանակ չի ունենա այդ պահին որևէ մասնագիտական գրականության օգնությանը դիմելու: Նա պետք է նախապես պատրաստ լինի դրան: Այսպիսի պատահարների դեպքում առաջին օգնության ցուցաբերման և երեխայի կյանքը փրկելու համար միայն հաշված րոպեներ են լինում:

Շնչուղիների խցանման կանխարգելումը

Երեխաների մոտ շնչուղիների խցանումների դեպքերի մեծ մասը ծնողների (մեծահասակների) անզգուշության և անուշադրության հետևանք է: Հետևելով մի շարք պարզ կանոնների` հիմնականում կարելի է կանխել այդ դժբախտ պատահարները:
- Երեխային ստիպողաբար կամ լացի ժամանակ ոչինչ մի՛ տվեք ուտելու կամ խմելու, նույնիսկ` դեղ:
- Մի՛ կերակրեք երեխային, երբ նա խաղում կամ թռչկոտում է:
- Մի՛ տվեք երեխաներին մանր խաղալիքներ կամ այնպիսիք, որոնց մանր մասերը հեշտությամբ կարող են պոկվել:
- Թույլ մի՛ տվեք երեխային խաղալ կոճակներով, լոբու հատիկներով կամ նման մանր առարկաներով: Պահեք դրանք երեխային անհասանելի տեղում:
- Մինչև մեկ տարեկան երեխային մեծերի հետ սեղան մի՛ նստեցրեք կամ շատ ուշադիր եղեք, որ նա սեղանից որևէ բան չտանի բերանը:
- Մինչև մեկ տարեկան երեխայի ձեռքը հացի, շաքարի, մրգի կամ բանջարեղենի կտոր մի՛ տվեք: Միրգը կամ բանջարեղենը տվեք նրան համասեռ տրորված վիճակում: Եթե երեխան ատամներ հանելիս որևէ բան կրծելու կարիք ունի, տվեք նրան ռետինե խաղալիքներ:
- Փոքր երեխաներին կոնֆետ կամ կորիզներով պտուղներ մի՛ տվեք:

Շնչուղիների խցանում

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

Երբ երեխան ինչ-որ բան կուլ տալիս միաժամանակ ներշնչում է, օտար մարմինները (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն) կարող են անցնել շնչուղիները և առաջացնել խցանում: Շնչառական ուղիները կարող են փակվել լրիվ կամ մասնակի:
Շնչուղիների մասնակի խցանման ժամանակ որոշ քանակով օդ անցնում է շնչուղիները: Մասնակի խցանման դեպքում երեխան հանկարծակի սկսում է հազալ, անբնական ձայներ հանել, անհանգիստ շարժումներ անել:
Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ օդ ընդհանրապես չի անցնում թոքերը, և եթե խցանումը չբացվի, երեխան կարճ ժամանակում կարող է մահանալ: Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ երեխան չի կարողանում ո՛չ շնչել, ո՛չ էլ հազալ կամ որևէ ձայն հանել: Մաշկը կապտում է, աչքերը չռվում են, երեխան անհանգիստ շարժումներ է անում և ցնցվում:
Շնչուղիների խցանման դեպքում օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է խուճապի չմատնվել և ճիշտ գործել:

Շնչուղիների մասնակի խցանում

Ի՞նչ անել

1. Վերցրեք երեխային, պառկեցրեք նրան ձեր ձեռքի նախաբազկի վրա այնպես, որ նրա գլուխը ավելի ցածր լինի, քան մարմինը: Անպայման բութ մատով և ցուցամատով պահեք երեխայի գլուխը ստորին ծնոտից: Զգույշ եղեք, որ կոկորդի վրա չսեղմեք:
2. Մյուս ձեռքով հարվածեք երեխայի թիկունքին` նրա թիակների միջև այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, երեխան դադարի հազալ և սկսի նորմալ շնչել:

Շնչուղիների լրիվ խցանում

Ի՞նչ անել

1. Անմիջապես օգնության կանչեք որևէ մեկին և ուղարկեք նրան ահազանգելու շտապ օգնություն:

2. Պառկեցրեք երեխային ձեր նախաբազկի վրա և թիկունքին 5 հարված հասցրեք:

3. Շրջեք երեխային ձեր մյուս ձեռքի նախաբազկին: Երեխան պետք է լինի գլուխը մարմնից ցածր դիրքով: Պահեք երեխայի գլուխը ձեռքով: Ձեր ազատ ձեռքի մատնեմատը դրեք երեխայի կրծոսկրի վրա (դա այն ուղղահայաց ոսկրն է, որին կրծքավանդակի վրա միանում են կողերը)` պտուկները միացնող գծի մեջտեղում: Կատարեք կրծքավանդակի 5 սեղմում 1,5-2 սմ խորությամբ

4. Բացեք երեխայի բերանը, և եթե օտար մարմինը երևում է, ճկույթով զգուշությամբ հանեք այն բերանից:

5. Ընդգրկելով երեխայի բերանն ու քիթը ձեր բերանով` կատարեք ներփչում:
Եթե օդը չի գնում, կրկնեք վերը թվարկված գործողությունները ներկայացված հերթականությամբ`
1. Թիկունքին 5 հարված,
2. Կրծքավանդակի 5 սեղմում,
3. Բերանի ստուգում և ճկույթով մաքրում,
4. Ներփչում:

Այս գործողությունները կրկնեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, և երեխան սկսի շնչել:
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024 |