Կանադան սահմանական միապետություն է: Գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրն է իր գրաված տարածքով։ Ողողվում է Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներով: Սահմանակից է ԱՄՆ-ին և Դանիային: Կանադան Բրիտանական համագործակցության անդամ է: Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագավորն է կամ թագուհին: Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են: Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները:
Հայերը Կանադայում
Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել XIX դարի վերջից, երբ այստեղ են հասել թուրքական հալածանքներից փրկված առաջին փախստականները: Հայերի հոսքն այդ երկիր ուժեղացել է հատկապես 1950–60-ական թվականներին և Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի տարիներին: Այժմ Կանադայում ապրում է 60–65 հզ. հայ.` հիմնականում Մոնրեալում (30 հզ.), Տորոնտոյում (27 հզ.), Վանկուվերում, Համիլտոնում, Օտտավայում, Սենտ Քաթրինզում և այլուր: Կանադահայերն ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքում: Կանադայի խորհրդարանի անդամ է (նաև Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար) Սարգիս Ասատուրյանը: Ինքնատիպ արվեստով միջազգային ճանաչման է հասել կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը. մեծ արձագանք է ունեցել հայերի ցեղասպանությանը նվիրված նրա «Արարատ» ֆիլմը: Գործում են հայ առաքելական (7), կաթոլիկ (2), ավետարանական (4) եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, գեղարվեստական խմբակներ: Լույս են տեսնում հայերեն ամենօրյա և շաբաթական թերթեր («Ապագա», «Հորիզոն») ու հանդեսներ: Մոնրեալում ու Տորոնտոյում հայերը դիտում և ունկնդրում են մայրենի լեզվով հեռուստա- և ռադիոհաղորդումներ: